Իտալիայի իշխող կոալիցիոն կուսակցության ղեկավարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Իտալիայի իշխող կոալիցիայի կազմում ընդգրկված «Դեմոկրատական կուսակցության» ղեկավար և Լացիո մարզի նահանգապետ Նիկոլա Ձինգարետին հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
CNN-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը տեսաուղերձի միջոցով հայտնել է, որ այժմ ինքնամեկուսացման մեջ է գտնվում:
«Ընտանիքիս անդամները նույնպես հետևում են անհրաժեշտ ընթացակարգին, և տեղի առողջապահական հաստատությունը ստուգման է ենթարկում այն մարդկանց, ում հետ ես շփվել եմ վերջին օրերին», - ասել է Ձինգարետին:
Գործիչը կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել և հավելել է, որ ինքը «լավ օրինակ է ծառայում՝ հետևելով առողջապահության ոլորտի մասնագետների հրահանգներին»:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 197 մարդ, վարակակիր է 4 636-ը: Նոր տեսակի կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ողջ աշխարհում հասել է 3491, վարակակիրներինը՝ 102 472-ի:










