Տավուշի ուղղությամբ մարտի 6-ին նախաձեռնած դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանը հայտնել է ադրբեջանցի սահմանապահի զոհվելու մասին
ՀՀ Տավուշի ուղղությամբ մարտի 6-ին նախաձեռնած դիվերսիոն ներթափանցման փորձից հետո, որի ընթացքում հակառակորդը կորուրստներ էր տվել, ադրբեջանական կողմն այսօր հայտնել է մեկ զոհի մասին։
Չնայած Ադրբեջանն հերքել էր տեղեկություն, թե դիվերսիոն փորձ է իրականացվել, այսօր երկրի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ այսօր` ժամը 05:40-ին, Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղից ոչ հեռու մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել Էլթուն Գարաևը: Նա հոսպիտալացվել է Ղազախի շրջանի ախտորոշիչ կենտրոն, որտեղ էլ մահացել է, գրում է minval.az-ը:
Միջադեպի հետ կապված` Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերն ու Ռազմական դատախազությունն անհրաժեշտ քննչական միջոցառումներ են անցկացնում:
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Apa» գործակալությունը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտարարություն է տարածել՝ նշելով, թե զինծառայողը սպանվել է հայկական կողմի գործողությունների հետևանքով։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ–ն մարտի 6-ին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ նույն օրը՝ առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
«Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են:
Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Հատկանշական է, որ ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է գերմանական արտադրության ականորսիչ»,– ասվում էր ՀՀ ՊՆ հաղորդագրույթունում:










