Լոս Անջելեսի օդանավակայանի երկու բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի երկու աշխատակից, որոնք Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ուղևորների մոտ կորոնավիրուսի առկայությունն են ստուգել, վարակվել են կորոնավիրուսով, հայտնում է Reuters գործակալությունը:
Կենտրոնի աշխատակիցներին մինչև մարտի 17-ը տեղափոխել են կարանտինային գոտի:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Հարավային Կալիֆոռնիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մարդիկ սկսել են խուճապահար առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել:
Նշվում է, որ մեծածախ խանութներում հսկայական հերթեր են գոյացել, մարդիկ էլ իրենց հերթին բողոքում են, որ խանութներում ապրանքները գրեթե ամբողջովին սպառվել են: Հաճախորդները հիմնականում զուգարանի թուղթ, ջուր և պարենային ապրանքներ են գնում:
Նշվում է, որ ԱՄՆ տարբեր նահանգներում հաստատվել է վարակման 200 դեպք, որից 11-ը` մահվան ելքով:










