Իտալիայում 24 ժամվա ընթացքում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով 49 մարդ է մահացել
Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Իտալիայում 24 ժամում մահացել է 49 մարդ. երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Ներկայում վարակվածների ընդհանուր թիվը 3916 է: Այս մասին ուրբաթ հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին, գրում է BBC-ն:
Ինչպես նշել է Բորելին, ապաքինվել է 523 մարդ:
Այսպիսով` երկրում վարակի բռնկման սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը 4636 է. այս թիվը ներառում է թե՛ մահացածների, թե՛ ապաքինվածների, թե՛ վարակակիրների թիվը:
Վարակման դեպքեր են հայտնաբերվել Իտալիայի բոլոր շրջաններում, սակայն Լոմբարդիայի և Վենետոյի շրջանները, որտեղ փետրվարի 21-ին գրանցվել են բռնկման առաջին դեպքերը, մինչ այժմ համարվում են էպիկենտրոնը: Իտալիայի կառավարությունը որոշել է փակել երկրի բոլոր ուսումնական հաստատությունները մինչև մարտի 15-ը: Հնարավոր է, որ այս ժամանակահատվածը երկարաձգվի:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում գրեթե 100 000 մարդ վարակվել է կորոնավիրուսով։










