120 սպաներից 30 հոգի է բնակարան ձեռք բերել, մնացած 90-ը, սերտիֆիկատները ձեռքներին, չեն կարողանում բնակարան գտնել, իսկ ժամկետը 1 տարի է. պահեստազորի փոխգնդապետ (տեսանյութ)

13:23 • 07.03.20

Բնակարանի գնման սերտիֆիկատ ստացած 120 սպաներից միայն 30 հոգի է կարողացել ձեռք բերել բնակարան: Մնացած 90 հոգին, սերտիֆիկատները ձեռքներին, չեն կարողանում գտնել բնակարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը:

«Գործընթացը սկսվել է 2019 թ. սեպտեմբեր ամսին: Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից ընդամենը 119 հոգու է սերտիֆիկատ հատկացվել: Հոկտեմբերից հետո՝ մինչ այսօր, ոչ մի բնակարանային նիստ չի իրականացվել, թեև գործընթացը պետք է շարունակական լիներ»,-ասաց նա:

Պահեստազորի փոխգնդապետը նշեց նաև՝ մարդկանց սթրեսի են ենթարկում. «Փաստաթղթերի մեծ փաթեթ կա, որը թարմացնում են: Ամենակարևորը Կադաստրի տված փաստաթուղթն է, որը վաղեմության ժամկետ ունի՝ 15-30 օր»,-ասաց նա:

Հակոբյանը ընդգծեց նաև, թե տրամադրվող գումարը քիչ է, իսկ բնակարանները թանկացել են: «Սերտիֆիկատներն էլ 1 տարվա ժամկետ ունեն. եթե մեկ տարում բնակարան ձեռք չես բերում, գումարը զրոյանում է: Ուղղակի ես մտածում եմ, որ նիստերը հետաձգեցին, քանի որ տրամադրված գումարները պետք է սպառվեն 2020 թ. դեկտեմբերին»,-ներկայացրեց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան, տնամերձ հողամաս կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019 թ. հունիսի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը տրամադրվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում: