Պատերազմող երկիր ենք, ամեն րոպե կարող է պատերազմ լինել, ու իրենց նմանները չեն կարող մեզ հետ գալ, հոգեբանորեն էլ պատրաստ չեն. փոխգնդապետը՝ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկողների մասին
Պատերազմող երկիր ենք, ու ամեն րոպե կարող է պատերազմ լինել, ու իրենց նման «լնգուլավազները» չեն կարող մեզ հետ գալ, որովհետև իրենք հոգեբանորեն էլ պատրաստ չեն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դաժան ծեծի ենթարկված և այժմ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընկերը՝ պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը՝ անդրադառնալով Մխիթարյանին ծեծի ենթարկողներին:
«Արդարադատությունը չի գալիս Սահմանադրական դատարանից, գալիս է անհատական դատավորներից, քննչական մարմիններից, Դատախազությունից: Իրականացրեք արդար դատավարություններ, քննություններ: Չի կարող հայոց բանակի երեք գործող սպա վկայություն տալ, թե միջադեպին 6-7 հոգի է եղել, ընդ որում՝ մարզպետը, հետո շուռ տալ, թե մարզպետը չի եղել: Մարզպետը ներկա է եղել»,-ասաց Հակոբյանը:
Նա նշեց՝ հայոց պետականության հիմնասյուները հայոց բանակի սպաներն են, չի կարելի նրանց ճակատագրերի, կյանքերի հետ խաղալ:
«Բոլորդ հեռու մնացեք հայոց բանակի սպաներից՝ անկախ կարգավիճակից, սոցիալական հարուստ կամ աղքատ վիճակից: Խնդրում եմ, հայ ազգ, ատելությունը վերացրեք ձեր միջից, իրականում շատ զզվելի է դարձել, մենք սրանով չենք կարող առաջ գնալ, իրականում մենք ներսից ենք քանդվում: Ես կառաջարկեի Հայաստանում «Ֆեյսբուքը» փակել, որովհետև դարձել է ատելության վայր: Մենք՝ որպես սպաներ, հորդորում ենք հանդուրժող լինել, միմյանց սիրել»,-ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 2019 թ. սեպտեմբերի 18-ի գիշերը: Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:










