Հայրության արձակուրդ և հղի կանանց հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելու արգելք՝ մինչև երեխայի 1 տարին լրանալը. նոր նախագիծ

23:18 • 07.03.20

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է արգելել հղի  կանանց հետ աշխատանքային պայմանագրի լուծարումը հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո երեխայի մեկ տարին լրանալը:

Այժմ արգելվում է հղի կանանց հետ լուծել աշխատանքային պայմանագիրը հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո երեխայի մեկ ամիսը լրանալը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Նարեկ Զեյնալյանը, Ծովինար Վարդանյանը, Լուսինե Բադալյանը  և Արմեն Փամբուխչյանը  նախագծով առաջարկում են նաև Աշխատանքային օրենսգրքում լրացում անել նոր հոդված՝ հայրության վճարովի արձակուրդ՝ գործատուի հաշվին:

Այն հնարավորություն կտա նորածնի հորը՝ երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչև 5 աշխատանքային օր տևողությամբ:

Պատգամավորները նախագծում հիմնավորել են, որ դա հնարավորություն կտա նորածնի հորը վայելել հայրության բերկրանքն ու հոգ տանել իր երեխայի և նոր ծննդաբերած կնոջ մասին: Նմանօրինակ օրենսդրական կարգավորումները ամրագրված են մի շարք երկրների օրենսդրությամբ, որոնց թվին են դասվում Ֆրանսիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի Հանրապետությունները  և Իսպանիայի Թագավորությունը: