Իտալիայում արգելել են հարսանիքներն ու հուղարկավորությունները, սակայն ոմանք շրջանցում են արգելքը
Իտալիայում սահմանված համազգային կարանտինի պարագայում արգելվել է բոլոր տեսակի հանրային հավաքույթները, այդ թվում՝ հարսանիքներն ու հուղարկավորությունները:
Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ այնուամենայնիվ, մարդիկ շրջանցում են արգելքը, քանի որ Հռոմում սգո թափոր են նկատել: Սգավորները դիամեքենան կանգնեցրել են եկեղեցու բակում, որտեղ քահանան հրաժեշտի խոսք է ասել:
Իտալացիները եղանակներ են փնտրում սահմանված արգելքը շրջանցելու և իրենց առօրյան կազմակերպելու համար: Աղբյուրը նշում է, որ ոմանք վարսահարդարի ծառայություններից են օգտվում հենց փողոցում, քանի որ գեղեցկության սրահներում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Խանութներ այցելել թույլատրվում է, սակայն միաժամանակ սահմանափակ թվով մարիկ կարող են մտնել խանութի տարածք: Իսկ բարերին ու ռեստորաններին հրահանգվել է սեղաններն այնպես դասավորել, որ մարդիկ միմյանցից գտնվեն առնվազն մեկ մետր հեռավորությամբ:
Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 000-ը, մահացածներինը կազմում է 631 մարդ:









