Facebook-ը կորոնավիրուսի համավարակի ֆոնին աշխատակիցներին որպես օգնություն 1 000-ական դոլար կվճարի
Facebook ընկերությունը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին իր աշխատակիցներին օգնելու նպատակով նրանցից յուրաքանչյուրին պատրաստվում է 1000 դոլար նվիրել, գրում է The Information հրատարակությունը։
Այս նախաձեռնության մասին անձամբ հայտնել է ընկերության հիմնադիր-տնօրեն Մարկ Ցուկերբերգը։ Տեղեկության համաձայն՝ բոնուսային գումարները աշխատակիցների միջև կբաժանվեն ապրիլի ընթացքում։
Կայքի տվյալների համաձայն՝ ընկերությունը նաև մոտ 45 000 աշխատակցի առաջին վեց ամսվա կատարած աշխատանքը կգնահատի, որի արդյունքում շատերը կարող են մեծ գումարներ ստանալ, որը ևս օգնություն կլինի համավարակի հաղթահարման գործում։ Հայտնի է, որ Facebook ընկերության աշխատակիցների համար նախատեսված փոխհատուցման միջին գումարը 228 651 դոլարի է հասնում։
Նշվում է, որ ընկերությունը նաև վճարելու է տնից աշխատողներին, վարակակիրներին։
Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր քանակը մոտենում է 200 000-ի: Ներկայում ախտահարվածների ընդհանուր քանակը 197 000 է, ինչ վերաբերում է վարակի զոհերին, ապա թիվը հասել է 7529-ի: Ընդհանուր առմամբ, առողջացել է 81 000 մարդ:
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 159 երկրում, աշխարհի բոլոր մայրցամաքներում: Իրավիճակն առավել ծանր է Իտալիայում, Իրանում, Հարավային Կորեայում:










