Ռուսաստանում գաղտնազերծվել են առաջին անգամ մարդու կողմից բաց տիեզերք դուրս գալու մասին փաստաթղթերը

13:32 • 18.03.20

«Ռոսկոսմոս» պետական կորպորացիան գաղտնազերծել է մարդու կողմից առաջին անգամ բաց տիեզերք դուրս գալու ծրագրի իրականացման փաստաթղթերը:

ԽՍՀՄ-ը ներկայացնող օդաչու-տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը 55 տարի առաջ՝ մարտի 18-ին, կյանքն ապահովող հատուկ ինքնավար սաղավարտով դուրս է եկել բաց տիեզերք, գտնվել է ազատ շարժման մեջ, տիեզերանավից հեռացել 5 մետր, իրականացրել մի շարք հետազոտություններ ու դիտարկումներ և ապահով ետ վերադարձել:

«1965 թվականի մարտի 18-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը համաշխարհային նշանակություն ուներ քաղաքակրթության տեսանկյունից. աշխարհում առաջին անգամ մարդը լքեց տիեզերանավը և դուրս եկավ բաց տիեզերական տարածություն»,-ասված է  «Ռոսկոսմոս»-ի կայքում:

Փաստաթղթերը պարունակում են ստորագրություններ և նշումներ` արված  ОКБ-1-ի  (այժմ «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիա) գլխավոր ինժեներ Սերգեյ Կորոլյովի, Պետական հանձնաժողովի նախագահ Գեորգի Տյուլինի, ինչպես նաև ԽՍՀՄ ղեկավարության ու մտավորականության մի շարք այլ ներկայացուցիչների կողմից:

Գաղտնազերծված փաստաթղթերի շարքում է նաև «Վոսխոդ-2» տիեզերանավի հրամանատար Պավել Բելյաևի և տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի հետթռիչքային զեկույցները, տիեզերանավի մատյանը և շատ այլ նյութեր:

Ռուսաստանում գաղտնազերծվել են առաջին անգամ մարդու կողմից բաց տիեզերք դուրս գալու մասին փաստաթղթերը