ԱՄՆ առաջատար վարակաբաններից մեկը Թրամփին կշտամբել է կորոնավիրուսի դեղամիջոցի մասին ոչ հավաստի տեղեկություն տարածելու համար

16:38 • 20.03.20

Սպիտակ տան` կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ խմբի անդամ, առաջատար վարակաբան Էնթոնի Ֆաուչին կշտամբել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, երբ վերջինս հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում էական դեր կարող է ունենալ մալարիայի դեմ օգտագործվող քլորոխին (C18H26ClN3) դեղամիջոցը, գրում է Daily Mail պարբերականը:

«Կորոնավիրուսի բուժման համար որևէ հրաշք այս պահին չկա»,- նշել է բժիշկը:

Ավելի վաղ նախագահ Թրամփը հայտնել էր լրատվամիջոցներին, որ բժիշկները դրական արդյունքներ են ստացել քլորոխինի՝ COVID-19-ով հիվանդների վրա փորձարկան արդյունքում և նշել են, որ այն կարող է կտրուկ փոխել իրավիճակը:

«Մենք պատրաստվում ենք դեղամիջոցը որքան հնարավոր է շուտ հասանելի դարձնել»,-հայտնել էր նախագահը:

Ֆաուչին CNN-ին հայտնել էր, որ ոչ ապացուցված տեղեկություններ կան այն մասին, թե քլորոխինը աշխատող դեղամիջոց է, սակայն տեղեկությունը պետք է ապացուցվի, որպեսզի մարդիկ անվնաս և արդյունավետ դեղամիջոց ստանան:

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը: Այս են վկայում համապատասխան հաշվարկներ իրականացնող Ջոն Հոփքինսի անվան համալսարանի թարմ տվյալները:

Ըստ այդմ՝ զոհերի թիվը հասել է 10 031-ի: Աշխարհում գրանցվել է ախտահարման 245 484 հաստատված դեպք, որից 86 035-ն ապաքինվել է:

 

ԱՄՆ առաջատար վարակաբաններից մեկը Թրամփին կշտամբել է կորոնավիրուսի դեղամիջոցի մասին ոչ հավաստի տեղեկություն տարածելու համար