Հայաստանում կորոնավիրուսի 136 վարակակիրներից 11-ի մոտ կա թոքաբորբ. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ քաղաքացիները բուժում են ստանում
Հայաստանում կորոնավիրուսի 136 վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նշվում է, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ մեր քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում։ Ունենք շուրջ 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։
Թորոսյանը նշել է, որ հիվանդանոցների թիվը միգուցե աճի, իհարկե, ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն որոշակի ախտանշաններ, գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, ովքեր չունեն՝ այլ հիվանդանոցներում։










