Նոր մանրամասներ՝ Երևանում 6-րդ գլխավոր վարչության նախկին աշխատակցի կողմից աներոջը սպանելու դեպքից. ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ընտանիքի անդամները չեն տուժել. Shamshyan.com

04:12 • 21.03.20

Մարտի 21-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Եկմալյան փողոցի բնակիչ, 35-ամյա Գոռ Տեր-Եսայանի նկատմամբ:

Ինչպես հայնում է Shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է մարտի 19-ին նշված շենքի՝ իրեն պատկանող բնակարանում կնոջ հորը՝ Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 47-ամյա Արթուր Մարգարյանին հրազենի գործադրմամբ սպանելու մեջ: Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:15-ի սահմաններում և Գ. Տեր-Եսայանն իր մոտ եղած «ԱԿ 74» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել տան շքամուտքում բնակարանի դռան վրա և կնոջ հոր ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և ոստիկանութան Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին և 3-րդ գումարտակների ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել մինչև ատամները զինված Գ. Տեր-Եսայանին, քանի որ բնակարանում եղել են նաև ընտանիքի անդամներ, այդ թվում՝ երեխաներ և չէր բացառվում, որ Գ. Տեր-Եսայանը կշարունակեր անկանոն կրակոցներ արձակել:

Նրան վնասազերծելուց և ոստիկանության կենտրոնական բաժին տեղափոխելուց հետո դեպքի վայր ժամանած քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել էր հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը, առանց գործարանային համարի անհայտ տիպի 9մմ տրամաչափի ատրճանակ, 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և 23 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ դռան, հատակի ու պատերի վրա հայտնաբերվել էին կրակոցներ և արնանման հետքեր:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել էին նույն շենքի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք: Իսկ նշված հարկում հայտնաբերվել էին ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, և կրակոցի արդյունքում վնասվել էր նաև տան դուռը:

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման էր ենթարկել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանը։ Վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում, և նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: