Հակոբ Տեր-Ստեփանյանի՝ ԵՊՀ-ից դուրս մնալու կարգավորումը պետհամալսարանը չի սահմանում, դա նախարարության կամ կառավարության որոշման տիրույթում է․ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

15:03 • 22.03.20

ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Հակոբ Տեր-Ստեփանյանը դուրս է մնացել ակադեմիական պարտք՝ վճարովի լիկվիդ կուտակելու պատճառով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ ներկայացնելով ուսանողին համալսարանից հեռացնելու պատճառները:

«Նա ընդունվել է պետպատվերով երեք տարի առաջ, և երբ ընդունվել է, պայմանագրում այնպիսի կետ է եղել, ըստ որի՝ ինքը սովորում է պետպատվերի շրջանակում և պետք է բավարարվի երկու վճարովի լուծարքներով և չի կարող վճարովի լուծարքներ կուտակել»,-ասաց նա և նշեց, որ բոլոր ուսանողները, որոնք նախկինում են ընդունվել, իրենց պայմանագրում նշված է եղել այդ կետը, այնուհետև կետը հանվել է, սակայն իրենց վրա ևս տարածվում է:

«Նա դուրս է մնացել, քանի որ երկրորդ կուրսից ֆիզկուլտուրայի լիկվիդը չի հանձնել: Հակոբին սեպտեմբերից զգուշացրել են, որ հետևողական լինի, և ես իր հետ խոսելուց հասկացա, որ ինքը համալսարանի աշխատակիցների թերացում է նկատում, բայց եթե նման բան կա, կարող ենք ընթացք տալ: Ինքն է որոշողը՝ ցանկանում է ընթացք տալ, թե՝ ոչ, իսկ մենք ցանկացած գործողության, քայլի դեպքում, եթե ուսանողների շահերի ոտնահարում է տեղի ունեցել, կարող ենք այդ հարցին ընթացք տալ: Սակայն եթե իր անփութության, մոռացության պատճառով է եղել, բոլորս հասկանում ենք, որ ամեն ինչ եղել է գործող կարգի սահմաններում»,-ասաց նա և նշեց, որ  Հակոբը միայն դա կարող է որոշել, թե ինչ կերպ է եղել:

«Առհասարակ, եթե նայենք երևույթին, որ ֆիզկուլտուրայի պատճառով ուսանողը դուրս է մնացել՝ ինձ համար անհամաչափ է։ Մի բան է, երբ մասնագիտական առարկայից դուրս մնաս, մեկ այլ բան է, երբ ֆիզկուլտուրայից ես դուրս մնում: Պետք է բոլորս էլ խոստովանենք, որ սա նորմալ չէ, բայց ցավոք, օրենքը չի կարգավորել և տարանջատում չի տվել: Դա ոչ թե համալսարանի որոշմամբ է, այլ ավելի բարձր օղակի՝ նախարարության կամ կառավարության։ Այս հարցը համալսարանը չի որոշում, որ ուսանողը ակադեմիական պարտք չպետք է ունենա: Հակոբ պետք է դիմի ավելի բարձր օղակի, քանի որ կարծում եմ, որ համալսարանն ի զորու չէ այս հարցը լուծելու, կարող է դիմել նախարարին, վարչապետին: Միայն այն մարմինը կարող է շրջանցել այս որոշումը, որը կայացրել է»,-ասաց Դավիթ Ափոյանը:

Նա նաև նշեց, որ իր կարծիքով այդ կարգը պետք է ընդհանրապես վերանայվի, քանի որ Հակոբը միակը չէ, որ ունի նման խնդիր: «Մենք կպայքարենք այդ կարգավորման դեմ, եթե այն շարունակի գործել, չնայած՝ հիմա էլ պատրաստ ենք Հակոբին հնարավորության սահմաններում օգնել, բայց չենք կարող օրենքը շրջանցել»,ասաց նա:

Հիշեցենք, որ օրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել, համաձայն որի՝ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Հակոբ Տեր-Ստեփանյանին հեռացնում են համալսարանից, քանի որ վերջինս ֆիզկուլտուրա առարկայից ունի բաց թողնված ստուգարք։