Իտալիայում չի գործի ոչ մի արտադրական բիզնես. բացառություն կկազմեն կենսական նշանակություն ունեցողները. Կոնտե

04:22 • 22.03.20

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն շաբաթ հայտնել է, որ իտալական բոլոր բիզնեսները չեն գործի մինչև ապրիլի 3-ը, բացառություն կկազմեն միայն նրանք, որոնք խիստ կարևոր են պետության կենսագործունեության համար, հաղորդում է Reuters-ը: 

Իտալիան կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահերի թվով նոր «ռեկորդ էր սահմանել»: Շաբաթ հայտնի էր դարձել վիրուսի հետևանքով մահվան 800 նոր դեպքի մասին, այսպիսով՝ երկրում վարակից մահացության ընդհանուր թիվը հասել է մոտ 5000-ի: 

«Սա հետպատերազմյան շրջանի ամենադժվար ճգնաժամն է»,- ասել է Կոնտեն, հավելելով, որ «կթույլատրվեն միայն այն արտադրական բիզնեսները, որոնք կենսական կարևորություն ունեն»:

Life.ru-ի փոխանցմամբ՝ Կոնտեն միաժամանակ նշել է, որ սուպերմարկետներում հերթեր կազմելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք, ինչպես նաև դեղատները, փոստային ու բանկային ծառայությունները բաց կմնան: Կգործեն անհրաժեշտ հանրային ծառայությունները՝ ներառյալ տրանսպորտը: 

 

Նա հավելել է, որ ձեռնարկված միջոցառումները կօգնեն հաղթահարել նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: