Նոր եզրույթ է ստեղծվել կորոնավիրուսի պատճառով չափից ավելի գնումներ կատարողներին բնորոշելու համար

20:13 • 22.03.20

Անգլալեզու Urban Dictionary հայտնի բառարանի կայքում նոր եզրույթ է հայտնվել, որը բնորոշում է այն մարդկանց, որոնք չափից ավելի գնումներ են կատարում կորոնավիրուսի պատճառով կամ հակառակը՝ անտեսում են նախազգուշական միջոցառումները:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, եզրույթը հնարել է բառարանի օգտատերերից մեկը: Խոսքը Covidiot («քովիդիոտ») բառի մասին է, որը կազմված է երկու մասից՝ առաջինը մատնանշում է COVID-19 վիրուսը, երկրորդը՝ «ապուշ» (idiot) բառը:  

Բառի առաջին իմաստն այն է, որ մարդ անտեսում է նախազգուշացումները: Որպես օրինակ բառարանում բերվում է հետևյալ նախադասությունը. «Այդ քովիդիոտը գրկում է բոլորին, ում տեսնում է»: 

Երկրորդ իմաստը բնորոշում է այն մարդուն, որը չափից ավելի գնումներ է կատարում՝ զրկելով հարևաններին ապրանքից գնելու հնարավորությունից: Այստեղ, որպես օրինակ, բերվում է հետևյալը. «Տեսե՞լ ես այդ քովիդիոտին՝ սայլակում զուգարանի թղթի 300 գլանակով»: