Ռուսաստանում դեպի Լուսին թռիչքի համար նավիգացիոն համակարգի նախատիպ են ստեղծել
Ռուս գիտնականները նոր «Օրյոլ» տիեզերանավի համար նավիգացիոն համակարգի նախատիպ են ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի խորհրդի հանդիպման ժամանակ ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչի կատարած հայտարարությանը։
«Այդ սարքն ինքնավար թռիչքների ժամանակ հստակ տեղորոշման համար կօգտագործի և՛ տիեզերանավիգացիոն համակարգը, և՛ Լուսնի քարտեզը»,- հայտնել է Պետրուկովիչը։
Իսկ մինչ այդ Լուսնի եռաչափ քարտեզը կկազմի «Լուսին-26» ուղեծրային սարքը, որի արձակումը ծրագրված է իրականացնել 2024 թվականին։
Աղբյուրը մանրամասնում է, որ 2021 թվականի հոկտեմբերին դեպի Լուսին կարձակվի «Լուսին-25» սարքը։
Ավելի վաղ հայտնի էր դաձել, որ 2025 թվականին Ռուսաստանը պետք է Լուսին ուղարկի «Լուսին-27» վայրէջքային կայանը։ Դրա ստեղծումը ներառվել է գործող Դաշնային տիեզերական ծրագրում:
Բացի այդ, 2027-2028 թվականներին նախատեսվում է Լուսին ուղարկել ծանր վայրէջքային «Լուսին-28» կայանը, որը Երկրի բնական արբանյակից պետք է բնահող բերի։ Այս նախագիծը դեռևս որևէ ծրագրում ընդգրկված չէ։
Ռուսական «Օրյոլ» տիեզերանավը ստեղծվում է «Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիայում։ Դրա՝ Երկրի մոտակա ուղեծրով առաջին թռիչքը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին։ Ռուս տիեզերագնացների տեղափոխումը Լուսին նախատեսվում է 2030 թվականին։










