Հնդկաստանն արգելել է արտահանել դեղամիջոցը, որը Թրամփի պնդմամբ՝ արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում
Հնդկաստանն արգելել է արտահանել մալարիայի բուժման համար նախատեսված դեղամիջոցը, որին ավելի վաղ անդրադարձել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ այն կարող է արդյունավետ լինել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
Ինչպես հայտնում է The Hill-ը, Հնդկաստանի արտաքին առևտրի գծով գլխավոր տնօրենը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հիդրոքսիքլորոխինի և դրանով պատրաստված այլ դեղամիջոցների արտահանումն անմիջապես կդադարեցվի: Այնուհանդերձ՝ դեղամիջոցի վերաբերյալ գործող պայմանագրերը կիրագործվեն, իսկ մյուս երկրները կարող են դիմել այն մարդասիրական օգնության շրջանակում ստանալու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկյան հիվանդանոցները Թրամփի հայտարարությունից հետո սկսել են մեծ արագությամբ գնել այս դեղամիջոցը: Մոլորակի այլ հատվածներում, այդ թվում՝ Եվրոպայում, Չինաստանում և Հարավային Կորեայում, որտեղ վարակը լուրջ խնդիր է դարձել, այս դեղամիջոցն օգտագործել են կորոնավիրուսով ախտահարվածների բուժման համար:
Այնուամենայնիվ, առողջապահական ոլորտի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ ներկայում որևէ հստակ գիտական ապացույց չկա առ այն, որ դեղամիջոցն իսկապես արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում:
Միացյալ Նահանգների առաջատար վարակաբաններից մեկը, Ալերգիայի և վարակային հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հրապարակավ չի համաձայնել Թրամփի հայտարարության հետ՝ ընդգծելով, որ այս հարցում դեռևս պետք է թեստեր ու փորձարկումներ անցկացվեն:










