Չինացի փորձագետները նախազգուշացրել են, որ կորոնավիրուսից ապաքինվածները կրկին վարակվելու վտանգի տակ են. South China Morning Post

11:13 • 26.03.20

Առողջապահական ոլորտի չինացի փորձագետները նախազգուշացրել են, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակված և արդեն ապաքինված մարդիկ կրկնակի ախտահարման վտանգի տակ են:

Ինչպես նշում է South China Morning Post-ը, մասնագետներն ապաքինվածներին խորհուրդ են տվել շարունակել խուսափել մարդաշատ վայրերից, հավաքներից:

Չինաստանի և Ճապոնիայի բարեկամության հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Ժեն Քսինյենը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ապաքինվածները պետք է շատ զգոն լինեն, քանի որ կրկին վարակվելու վտանգը մեծ է:

«Չնայած նրանց օրգանիզմում հակամարմիններն արդեն կան, սակայն դրանք կարող են երկար չպահպանվել, ինչը նշանակում է, որ ապաքինվածները կարող են կրկին վարակվել: Նրանք պետք է շարունակեն պաշտպանվել»,-նշել է մասնագետը:

Միևնույն ժամանակ աղբյուրը հավելում է, որ համավարակի օջախ համարվող չինական Ուհան քաղաքում կորոնավիրուսից ապաքինված և հիվանդանոցից դուրս գրված մարդկանց չնչին տոկոսի մոտ կորոնավիրուսի թեստը կրկին դրական պատասխան է տվել:

Այժմ ամբողջ աշխարհում գիտնականներին մի հարց է հետաքրքրում. արդյոք այս մարդիկ կարող են կրկին վարակի տարածման աղբյուր դառնալ:

 

Չինացի փորձագետները նախազգուշացրել են, որ կորոնավիրուսից ապաքինվածները կրկին վարակվելու վտանգի տակ են. South China Morning Post