GMU-ի պրոֆեսորը գնահատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու հեռանկարները. «ՌԻԱ Նովոստի».
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը 100 տոկոսանոց հաջողության շանսեր ունի, բայց թե երբ կլինեն արդյունքները, դեռևս անհայտ է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ԱՄՆ համակարգային կենսաբանության դպրոցի (GMU) պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան:
«Շանսերը, որ ինչ-որ պատվաստանյութ կստեղծվի և այն արդյունավետ կլինի, 100% է: Հարցը միայն այն է, թե երբ պատվաստանյութը կլինի, ինչ ժամանակային հեռանկարում՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ: Պատվաստանյութերը հսկայական քանակությամբ են լինում: Հիմնական տեսակները 5-ն են, իսկ դրանք հսկայական քանակությամբ տարատեսակներ ունեն, և անընդհատ նորերն են հայտնվում»,-ասել է Բարանովան:
Նա նշել է նաև, որ հիմա աշխարհի բոլոր երկրները, որոնք ունեն պատվաստանյութ ստեղծելու հնարավորություն, աշխատում են այդ ուղղությամբ:
«Աշխատում են ոչ թե մեկ պատվաստանյութ, այլ տասնյակ տարբեր պատվաստանյութեր պատրաստելու ուղղությամբ: Չի կարելի ինչ-որ մի դեղամիջոց գտնել, որը նման է պատվաստանյութի ու տալ մարդկանց: Պետք է իմանալ, որ այն գործում է և չունի ուժեղ կողմնակի ազդեցություն: Պատվաստանյութերի դեպքում դա այնքան էլ կողմնակի ազդեցություն չէ, դա խաղ է իմունիտետի հետ, որը պետք է շատ հստակ անցկացվի: Դուք չեք կարող մարդուն այնպիսի պատվաստանյութ տալ, որից հետո նրա մոտ կանցնի թոքաբորբը, բայց սարսափելի լուծ կսկսվի»,-նշել է կենսաբանը:
Նա հիշեցրել է, որ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն դոկտոր Անտոնիո Ֆաուչին պատվաստանյութ պատրաստելու ժամանակահատված էր նշել 12-18 ամիսը:
«Ինձ թվում էր, որ 8 ամսում կարելի է հաջողել, բայց նա ավելի փորձառու է և գիտի ինչքան ժամանակ կպահանջվի փորձարկումների համար: Կրկնում եմ, փորձարկելու են ոչ թե մեկ, այլ տասնյակ տարբեր պատվաստանյութեր»,-եզրափակել է իր խոսքը Բարանովան:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 263-ի, որից 24 090-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 124 349 մարդ։










