Մեծ Բրիտանիայում 20 000 բժիշկ թոշակից վերադարձել է համավարակի դեմ պայքարելու համար. The Independent

15:40 • 30.03.20

Մեծ Բրիտանիայում 20 000 բժիշկ թոշակից վերադարձել է աշխատանքի, որպեսզի պայքարի նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ: Այս մասին տեղեկացնում է independent.co.uk-ը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին:

«Ազգային առողջապահական համակարգի 20 000 աշխատակից վերադարձել է: Շնորհակալ եմ բոլոր վերադարձողներին, դա ահռելի թիվ է: Բացի այդ, 750 000 կամավոր արդեն գրանցվել է այս ճգնաժամային իրավիճակում մեզ օգնելու համար»,-իր տեսաուղերձում ասել է Ջոնսոնը, որը ևս հիվանդ է կորոնավիրուսով և գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Ջոնսոնը չի համաձայնել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի  արտահայտած այն մտքի հետ, որ «հասարակություն ասվածը գոյություն չունի»:

«Մենք կանենք դա, մենք կանենք դա միասին: Ես կարծում եմ, որ միայն կորոնավիրուսը արդեն հաստատել է, որ հասարակություն գոյություն ունի»,-ընդգծել է Ջոնսոնը՝ քաղաքացիներին կրկին կոչ անելով մնալ տանը և իջեցնել վիրուսի տարածման ռիսկը:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 15 000-ի: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 722 664-ի-ի, որից  33 983-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 151 793 մարդ։

 

 

 

Մեծ Բրիտանիայում 20 000 բժիշկ թոշակից վերադարձել է համավարակի դեմ պայքարելու համար. The Independent