Հնդկաստանում աշխարհի ամենակարճահասակ կինը դուրս է եկել փողոց՝ հորդորելով հայրենակիցներին պահպանել մեկուսացումը
Աշխարհի ամենակարճահասակ կինը փողոց է դուրս եկել կենտրոնական Հնդկաստանում՝ կոչ անելու մարդկանց մնալ տանը:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Ջոթի Ամջին այս քայլին է գնացել՝ արձագանքելով ոստիկանների՝ մեկուսացումը խրախուսելու հարցում իրենց ջանքերին աջակցելու խնդրանքին:
63 սմ հասակ ունեցող 26-ամյա հնդկուհին դուրս է եկել իր հայրենի քաղաքի՝ Նագպուրի (Մահարաշտրա նահանգ) փողոցներ՝ հորդորելով մարդկանց լվանալ ձեռքերը, դիմակ և ձեռնոցներ կրել, երբ դուրս են գալիս տնից:
«Մեր ոստիկանները, առողջապահության ոլորտի աշխատակիցները, զինվորականներն առաջնագծում են և պայքարում են վիրուսի դեմ՝ մարդկանց կյանքեր փրկելով, և ես ցանկանում եմ աջակցություն ցուցաբերել, ինչպես կարող եմ»,- ասել է 26-ամյա Ջոթին՝ խնդրելով իր հայրենակիցներին դրսում պահպանել սոցիալական հեռավորությունը:
Ջոթին աշխարհի ամենակարճահասակ կին է ճանաչվել 2011թ. Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 10 453-ի, հիվանդությունից մահացել է 358 մարդ:









