Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին

23:30 • 18.04.20

Ինչպես հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների և առաջիկա անելիքների հետ կապված ուղերձ հղեց ժողովրդին։

Այսօր համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում կան կադրեր երեկվա ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը. գրում է factor.am-ը:

Մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։ Հատկանշական է, որ վարչապետի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է Առաջին ալիքը։ Վարչապետի ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից, ով Factor.am-ին փոխանցել է, որ ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հանգամանքները պարզվում են, և հանրությանը տեղեկություն կներկայացվի։

Տեսանյութի վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն է խնդրել նաև Առաջին ալիքի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից, ով չի հերքել տեղեկությունը, որ տեսանյութը նկարահանել է Առաջին ալիքը։ Հարցին՝ արդյո՞ք պարզել են, թե ինչպես է Առաջին ալիքից վարչապետի մասնակցությամբ տեսանյութի արտահոսք տեղի ունեցել, Մարգարիտա Գրիգորյանը պատասխանել է. «Ո՛չ, որովհետև դեռ չենք պարզել։ Երբ պարզենք, հրապարակավ կտեղեկացնենք: Եվ կխնդրեմ, եթե ինչ-որ հարցեր ունեք, գրավոր գրեք, վաղն առավոտյան աշխատանքային օր է, ձեր բոլոր հարցերին կպատասխանենք»։

Ավելի ուշ հայտարարություն է տարածել Հանրային Հեռուստաընկերությունը, որում մասնավորապես ասվում է, որ Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել։

«Հարգելի հեռուստադիտողներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ  համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել:»

 

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են Շանթ,Արմենիա ԹիՎի, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա, 5-րդ ալիք հեռուստաընկերությունները։