Հայաստանում տիրում է հիասթափություն, քանի որ որոշ մարդիկ ակնկալում էին, որ իշխանությունից մասնաբաժին կունենան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

23:39 • 19.04.20

 

Իմ ուղիղ եթերին նախորդող տեխնիկական կադրերի որոշ ռեակցիաներ ինձ զարմացնում են։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում։ 

«Սովետական տարիներին երեխաները մտածում էին, որ ուսուցիչները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում, որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն է թողել։ Շատ վատ երևույթ է տեղի ունեցել։ Բայց այդ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե կադրերի, դրանք սովորական աշխատանքային կադրեր են»,- ասաց Վարչապետը։ 

Նրա խոսքով` իր հազն անգամ շատերին է հուզել, և նախորդ օրերին իր գործընկերները խորհուրդ են տվել և կորոնավիրուսի 3-րդ  թեստն են արել, որի պատասխանը բացասական է։ 

Հիշեցնենք, որ նախօրեին հրապարակվել էր վարչապետի ուղիղ եթերին նախորդող փորձնական կադրերը։ 

Իսկ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով այդ դեպքին`գրել էր, որ փորձնական հեռարձակումն այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է հանրային հեռուստաընկերության կողմից:

Անդրադառնալով դատական համակարգին` վարչապետն ասաց, որ շուտով գալու է «վնգստացող» դատավորների պատասխան տալու ժամանակը։ 

«Վնգստացող դատավորների հերթն է գալիս, որոնք «վեշերը» պիտի հավաքեն, հեսա Սահմանադրական դատարանի հերթը կգա՝ կորոնավիրուսային դատարանի, որոնք փրկվեցին և ժամանակ են շահում կրոնավիրուսի շնորհիվ։ Բոլորի հերթը գալու է։ Ես կասկածելու տեղիք չունեմ, ինձ ոչ մեկ չի կարող կանգնեցնել, բացի ժողովրդից»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը, խոսելով գործարարների մասին, նշեց, որ կա խումբ, որը մտածում է, թե կշարունակի իր նախկին արտոնությունները պահել, բայց չի կարող այդպես լինել:

«Երբ գործարարները հարցնում են՝ ի՞նչ անենք, ասում եմ՝ աշխատեք, հարկ վճարեք: Ես նրանց աչքերում հիասթափությունում եմ տեսնում»,- ասաց վարչապետը: