Արտակարգ դրության ընթացքում հանցագործությունների թվի նվազում կա․ մարտ ամսին կատարվել է 35 բնակարանային գողություն, ինչը հինգ անգամ պակաս է անցած տարվա համեմատ
Արտակարգ դրության հաստատման ընթացքում՝ մարտ, ապրիլ ամիսներին Հանրապետությունում հանցագործությունների թվի նվազում կա: Այս մասին հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հավելեց, որ մարտ ամսվա համար հաշվառվել է 35 բնակարանային գողություն, 12-ը մայրաքաղաքում: «Նախորդ տարի 171 դեպք էր, որից 108-ը Երևանում, 5 անգամից ավել նվազում կա»,- ասաց նա:
Հարցին՝ տեղաշարժի սահմանափակումներ մտցնելու առաջին օրը ոստիկանությունը զրահատեխնիկա էր դուրս հանել, այս պահին դրանք տեղակայվա՞ծ են ինչ-որ հատվածներում, թե՞ միայն ցուցադրական նպատակով էր արվել, Մհրյանն արձագաքեց. «Ոստիկանությունը երբեք ցուցադրական նպատակով գործառույթ չի իրականացնում, բոլոր խնդիրներն իրականացվում են պլանավորված և ըստ նպատակի»:
Ահարոնյանն էլ հավելեց, որ Երևանի մատույցներում՝ կայուն պահակակետերում, այդ տեխնիկան կանգնած է:
Մհրյանը տեղեկացրեց, որ փողոցներում մեքենաների թիվը չի ավելացել և որ Երևան քաղաքում խցանումներ չկան:
Հարցին՝ հնարավո՞ր է վարորդներին եկած ակտերի ժամկետը երկարաձգվի, փոխոստիկանապետն ասաց, որ ցանկացած դեպքում խորհուրդ կտա վարորդերին գրավոր դիմել, հայտը կուսումնասիրվի և պատասխան կտրվի։










