Հեղափոխությունից հետո ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք միայն վատթարացնում են լրատվական դաշտի վիճակը. Բորիս Նավասարդյան

20:54 • 20.04.20

Վարչապետը և կառավարությունն ունեն բավականին հզոր լծակներ, որպեսզի լուրջ և դրական փոփոխություններ անեին լրատվամիջոցների դաշտում և կարծում եմ, որ այս երկու տարվա ընթացքում հենց դրանով պետք է զբաղվեին, այլ ոչ թե այդ կարգի դժգոհություններ հայտնեին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա արված հայտարարությանը, որ «Լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսն իշխանությունից փող է ստացել, հիմա չկա, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած ա»։

Բորիս Նավասարդյանը նշեց, որ վարչապետն իր տրամադրությունն էր ընդհանուր առմամբ փորձում ներկայացներ հանրությանը, սակայն կարևոր է, որ այդ հայտարարությունն արվում է ոչ թե նախկին լրագրողի կողմից, այլ ՀՀ վարչապետի: «Եթե նա լրագրող լիներ, գուցե այդ կարգի ձևակերպումներն ընդունելի լինեին մանավանդ գիտենք, թե ինչ խնդիրներ կան լրատվամիջոցներում: Բայց վարչապետը և կառավարությունը նրա համար են, որ բոլոր ոլորտներում կատարեն անհրաժեշտ բարեփոխումներ և առողջացնեն իրավիճակ: Որպես վարչապետ՝ ցանկալի չէ, որ նման բան ասի և ավելի լավ է կոնկրետ գործերով զբաղվի»,-ասաց նա:

Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի՝ լրատվամիջոցները, լրագրողները պետք է ի գիտություն ընդունեն, որ վարչապետն այդպիսի տրամադրություն ունի և սառնասիրտ շարունակեն իրենց աշխատանքը: «Իսկ լրագրողական կազմակերպությունները, կոնկրետ մենք արդեն երկար ամիսների ընթացքում՝ կարելի է ասել անմիջապես հեղափոխությունից հետո, տարբեր առաջարկություններ ենք անում, թե ինչպես է պետք  առողջացնել դաշտը: Ցավոք, մեր առաջարկությունները չեն ընդունվում և փոխարենն ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք միայն վատթարացնում են իրավիճակը, խոսքը բռնության խոսքի դեմ օրինագիծն էր, որը սկզբունքորեն կարող էր լինել, բայց ոչ այդ ձևով, խոսքն այն օրենսդրական նախաձեռնության մասին է, որը թույլատրում է Հանրային հեռուստաընկերությանը գովազդ տեղադրել և բազմաթիվ այլ նախաձեռնություններ: Ես կարող եմ ասել, որ լրատվամիջոցների դաշտը կարգավորող որևէ օրինագիծ այս երկու տարիների ընթացքում մասնագիտական տեսանկյունից ընդունելի չի եղել»,-ասաց նա:

Բորիս Նավասարդյանը նշեց, որ տեսնում է, որ լրատվամիջոցներում բավականին քննադատություն կա վարչապետի արված գնահատականների հետ կապված: «Դրանք հիմնականում տեղին են, նույն  կերպով պետք է շարունակել»,-ասաց նա և հավելեց, որ կամզակերպություններն էլ պետք է շարունակեն իրենց վերլուծությունը անել՝ իրականացվող քաղաքականության վերաբերյալ և առաջարկել այլընտրանքային լուծումներ: