Պարետը մի բան է ասում, վարչապետը՝ այլ. կարծես՝ մանկապարտեզ լինի. քաղաքացիները դժգոհում են, որ արտակարգ դրության պահանջները չեն պահպանվում (տեսանյութ)
Պարետատան որոշմամբ՝ թույլատրվել է տնտեսական գործունեություն ծավալող որոշ կազմակերպությունների աշխատանքը. որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ըստ Երևանի բնակիչների՝ դրսում կուտակումներ են առաջացել, ինչի հետևանքով չեն պահպանվում արտակարգ դրության պահանջները: «Պարետի որոշ հրահանգներ հակասում են մեկը մյուսին»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը: Նա նշեց, որ գոհ չէ կորոնավիրուսի դեմ Կառավարության պայքարից:
«Որոշումներն իրար հակասում են, պարետը մի բան է ասում, երկրի վարչապետն՝ այլ բան: Չկա լրջություն: Մանկապարտեզի վիճակում ենք հայտնվել»,- ասաց քաղաքացին:
Երևանի որոշ վարչական շրջաններում մեր տեսախցիկն արձանագրեց մարդաշատ վայրեր: Դավիթաշեն վարչական շրջաանում բանկերի առջև հերթը մի քանի օր է չի դադարում: Ըստ հաճախորդների՝ պատճառը դանդաղ սպասարկումն է: Նրանցից մեկն էլ նկատեց, որ այս պայմաններում անգամ բանկերը չպետք է աշխատեին:
Չաշխատող քաղաքացիների ֆինանսական խնդիրը ժամանակի հետ մեծանում է: Նախկինում աշխատած, իսկ այժմ տանը նստած քաղաքացիներն ավելի քան մեկ ամիս է եկամտի ոչ մի աղբյուր չունեն: Օրեր առաջ լրացրել են պետական աջակցության ծրագրի համար նախատեսված հայցադիմումները և սպասում են պատասխանի: Ոմանց մերժել են օգնություն տրամադրել. մերժման պատճառը նրանց հայտնի չէ:
Մանրամասները՝ տեսանյութում










