Արդարադատության նախարարի կնոջ ընկերությունը Կառավարության 5-րդ միջոցառումից դրամաշնորհ է ստացել

20:25 • 20.04.20

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինը Տաթևիկ Սարգսյանը Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառումից դրամաշնորհ է ստացել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Տաթևիկ Սարգսյանը: «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ ծրագրերից տրվում է բոլոր ընկերություններին, որոնք ունենք երկուսից հիսուն աշխատող ու որևէ աշխատողի չեն կրճատել»,-ասաց նա և խնդրահարույց չհամարեց, որ նախարարի կինն է ստացել:

Հարցին, թե ամեն դեպքում աջակցության կարիք ունեիք, նա ասաց, որ ոչ ոք հարցրել աջակցության կարիք ունենք, թե չունենք. «Քանի որ ծրագիրը աշխատում է ՊԵԿ-ի միջոցով, ՊԵԿ-ը եթե տեսնում է, որ ընկերությունները որևէ աշխատողի չեն կրճատել, աշխատավարձի ֆոնդը չեն նվազեցրել, ավտոմատ դրամաշնորը տալիս է, որը կարող է ուղղվել հարկերի վճարմանը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե գտնեք՝ անհրաժեշտություն չունեք, կարող եք հրաժարվել, նա պատասխանեց. «Ընկերությունը աջակցության կարիք ունի, թե չունի, դա հաշվարկում են հաշվապահները, նրանք ստացել են գումարը ընկերության գործունեության համար, ես ֆինանսական առումով որևէ բան չեմ կարող ասել»: Նա նշեց, որ ընդհանուր աջակցության գումարն էլ չի կարող ասել, թե որքան է կազմել, քանի որ դա գաղտնիք է և կոչ արեց նայել, թե ինչպես է հաշվարկվում հինգերորդ ծրագրի շրջանակներում տրվող գումարը:

Նշենք, որ կառավարության հինգերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանը: Միջոցառման շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020թ. մինչև 01.04.2020թ. ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում: