«Մենք REC ենք». ֆեյսբուքյան օգտատերերը պահանջում են չեղարկել Հանրայինի ստեղծագործական տնօրեն Վարդան Հակոբյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը

21:30 • 20.04.20

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի՝ մարտի 18-ի ուղերձի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։

Վերջին ժամերի ընթացքում Վարդան Հակոբյանի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ գրառումներ են արվում #մենքRecենք հեշթեգով: Սոցիալական ցանցերի օգտատերերը գրառումներ են կատարում և տարբեր լուսանկարներ հրապարակում՝ ի պաշտպանություն Վարդան Հակոբյանի: Նրանք պահանջում են չեղարկել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ վարչապետի ուղերձի նախապատրաստական կադրերը հեռարձակվել էին, ինչից հետո դրանց կիրառմամբ հումորային տեսանյութ էր պատրաստվել և տարածվել «Ֆեյսբուք» սոցցանցում: Այս տեսանյութի տարածումից հետո վարչապետի աշխատակազմի և Հանրային հեռուստաընկերության միջև հեռահար բանավեճ էր սկսել: Մասնավորապես, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կատարվածի մեղքը Հանրային հեռուստաընկերության թիմինն է:

Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերության ուղիղ միացման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանն իր հերթին հայտարարել էր, որ ինքը զգուշացրել է, որ արդեն ուղիղ եթերում են և կատարվածը ոչ թե իր, այլ վարչապետի աշխատակազմի մեղքն է: «Ես և վարչապետի խոսնակը եղել ենք նույն սենյակում. անձամբ եմ տեսաազդանշանից առաջ ասել` «Մենք Rec ենք» ու վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այդ մասին»,- գրել էր նա:

Հիշեցնենք, որ նույն միջադեպի պատճառով այսօր ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում է գրել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: