«Նրանք մեզ պաշտպանում են Covid-19-ից»․ արքայազն Ֆիլիպը շնորհակալական ուղերձ է հղել համավարակի ընթացքում անհետաձգելի աշխատանքներ կատարողներին

17:14 • 20.04.20

Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսին արքայազն Ֆիլիպը շնորհակալական ուղերձ է հղել կորոնավիրուսի համավարակի ընթացքում «կյանքի շարունակականությունն» ապահովող ենթակառուցվածքների աշխատակիցներին իրենց համախմբված աշխատանքի համար, հայտնում է Daily Mail պարբերականը։

Էդինբուրգի 98-ամյա դուքսը ցանկացել է մարդկանց ուշադրությունը սևեռել այն «կարևորագույն և անհետաձգելի» բժշկական և գիտական աշխատանքներին, որոնք կատարվում են մեր օրերում։

Թագավորական ընտանիքի անդամի տարածած ջերմ ուղերձում մասնավորապես ասվում է. «Իմունիզացիայի համաշխարհային շաբաթվան ընդառաջ ես ցանկանում եմ, որ մարդիկ ճանաչեն համավարակի հաղթահարման գործում կարևորագույն և հրատապ աշխատանք կատարողներին՝ բժշկական և գիտական ոլորտի մասնագետներին, համալսարանների և հետազոտական ինստիտուտների աշխատակիցներին, որոնք միասնաբար աշխատում են մեզ Covid-19-ից պաշտպանելու ուղղությամբ։

Մեզ պես տանն ապահով մնացողների անունից նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աշխատակիցներին, որոնք ենթակառուցվածքների աշխատանքի շարունակականությունն ապահովողներն են՝ սննդի արտադրության և բաշխման ոլորտի աշխատակիցներն ու կամավորները, փոստային և առաքման ծառայությունների աշխատանքը շարունակողները և աղբահանության գործը կատարողները»։

Հայտնի է, որ արքայազնը գիտական, տեխնոլոգիական հետազոտությունների, առողջապահության և ենթակառուցվածքների ոլորտի ավելի քան 750 կազմակերպության հետ է համագործակցում, որոնք ակտիվորեն արձագանքում են կորոնավիրուսի համավարակին և աջակցություն ցուցաբերում դրա դեմ պայքարին։