Ամերիկացի քույրերը մահացել են 102 տարվա տարբերությամբ՝ երկու համաշխարհային համավարակների պատճառով

20:10 • 20.04.20

Ամերիկուհի քույրերը մահացել են ավելի քան մեկ դար տարբերությամբ՝ երկու տարբեր համաշխարհային համավարակների պատճառով:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, Տեխաս նահանգի Օսթին քաղաքում բնակվող Սելմա Էսթեր Ռայանը մահացել է հինգշաբթի կորոնավիրուսի հետևանքով: Վերջինս մահկանացուն կնքել է 96-ամյա հոբելյանը նշելուց 3 օր անց: 

Մինչդեռ նրա ավագ քույրը՝ Էսթերը, ում նա չի տեսել, մահացել է 5 տարեկան հասակում 1918 թվականին տարածված իսպանական գրիպի համավարակի ժամանակ:

Ռայանի դուստրը՝ Վիկին, տեղեկացրել է, որ ապրիլի 3-ին իրեն հայտնել են, որ իր մոտ և նրա բնակության վայրում գտնվող ևս 5 մարդու մոտ բարձր ջերմություն կա: 

Նրա խոսքով՝ հաջորդ օրերի ընթացքում մոր վիճակը գնալով վատացել է: «Նրա 96-ամյակը լրացավ ապրիլի 11-ին: Մեր ընտանիքը հավաքվել էր նրա պատուհանի մոտ, սակայն նրա վիճակը ահավոր էր»,- հիշում է Վիկին: 

Իսպանական գրիպով 1918-19 թվականներին 500 մլն մարդ էր վարակվել, այսինքն՝ աշխարհի այդ ժամանակվա բնակչության մեկ երրորդը: Իսպանական գրիպից մահացել է 50-100 մլն մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 166 հազար մարդ, վարակվել՝ ավելի քան 2.4 մլն-ը: