Կիմ Չեն Ընն ամսվա սկզբին սրտի վիրահատություն է տարել. ըստ լրատվամիջոցների՝ նրա կյանքը «լուրջ վտանգի» տակ է եղել

10:06 • 21.04.20

Հարավկորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ  Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընն ամսվա սկզբին սրտի վիրահատություն է տարել և այժմ վերականգնվում է իր մասնավոր առանձնատանը:

Մինչդեռ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով պաշտոնատար անձանց, հայտնում են, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն այդ վիրահատությունից հետո «լուրջ վտանգի» մեջ է եղել, գրում է The Guardian-ը։

Կիմ Չեն Ընի՝ վատառողջ լինելու վերաբերյալ լուրերն առաջին անգամ տարածել է Daily NK պարբերականը, որը, վկայակոչելով Հյուսիսային Կորեայում իր աղբյուրին, գրել էր, որ Կիմ Չեն Ընն այժմ բուժման կուրս է անցնում սիրտ-անոթային համակարգի հետ կապված վիրահատությունից հետո՝ այդ հանգամանքով բացատրելով երկրի ղեկավարի բացակայութունը պապի և Հյուսիսային Կորեայի հիմնադրի՝ Կիմ Իր Սենի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումից։

Աղբյուրի խոսքով՝ ապրիլի 12-ին Հյուսիսային Կորեայի բարձրագույն ղեկավարության համար մասնագիտացված հիվանդանոց են կանչվել մայրաքաղաքի կլինիկաներից լավագույն վիրաբույժները: Սակայն անհրաժեշտ պրոցեդուրաներից հետո առաջնորդի վիճակը սկսել է բարելավվել, և բժիշկների մեծ մասը ապրիլի 19-ին լքել է հիվանդանոցը։ Այժմ բժիշկները միայն հետևում են ԿԺԴՀ-ի առաջնորդի վերականգնման գործընթացին։

Ըստ հաղորդման՝ ամառանոցը, որտեղ գտնվում է Կիմ Չեն Ընը, պահպանում են անձնական գվարդիայի ավելի քան 30 անդամ և Փհենյանի պահպանության առաջին վարչության մեծ թվով աշխատակիցներ:

CNN հեռուստաալիքը, իր հերթին, վկայակոչելով վստահելի աղբյուրները, գրում է, որ ԱՄՆ-ի իշխանություններն ուսումնասիրում են հետախուզական տվյալներն առ այն, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջությունը վիրահատությունից հետո վատացել է։

Հաղորդվում է նաև, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը 2019 թվականի օգոստոսից իրեն վատ է զգացել սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրների պատճառով։ Վերջին ամիսներին Կիմ Չեն Ընի առողջությունը վատացել է ծխելու, ճարպակալման և գերծանրաբեռնվածության պատճառով։