Նոր Մոսկվայում մեկ ամսվա ընթացքում կառուցված հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդներին (լուսանկար)

10:18 • 21.04.20

Նոր Մոսկվայի Վորոնովսկոյե բնակավայրում նորակառույց վարակիչ հիվանդությունների հիվանդանոցը սկսել է կորոնավիրուսով վարակված հիվանդների ընդունումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով քաղաքապետի և մայրաքաղաքի կառավարության պաշտոնական պորտալի հայտարարությանը։

Մեկ ամսվա ընթացքում կառուցված այս հաստատության բացումն արել էր քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ տեսակապով իրեն միացած նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին։ Բժշկական կենտրոնի տարածքը 80 հազար քառակուսի մետր է, իսկ դրա 40 հեկտար տարածքի վրա գտնվում է մոտ 50 միահարկ կառույց, ինչպես նաև 2-3-հարկանի հանրակացարանների 14 բաժին։ Ներսում կարող է տեղակայվել 800 մահճակալ, անհրաժեշտության դեպքում դրանց թիվը հնարավոր է հասցնել 900-ի։

«Մեկ օրվա ընթացքում նոր հիվանդանոց 20 հիվանդ է ընդունվել: Այսօրվա դրությամբ աշխատանքի է անցել ավելի քան 500 աշխատակից, իսկ մենք շարունակում ենք մասնագետների ընդունումը»,- կայքը մեջբերում է Վ․Պ․ Դեմիխովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սերգեյ Պերեխոդովի խոսքերը։

Նշվում է, որ կլինիկան հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով․ ձեռք է բերվել 26 հազար միավոր բժշկական սարքավորում, կահույք, ինչպես նաև անձնակազմի համար պաշտպանիչ հագուստ։

«Հիվանդանոցը քաղաքի կենտրոնից հեռու է գտնվում, ինչի հետ կապված՝ անձնակազմի համար համալիրի տարածքում հարմարավետ հանրակացարան ենք կառուցել, որը թույլ կտա բուժաշխատողներին տուն հասնելու և վերադառնալու վրա ժամանակ չծախսել։ Մեկ և երկուտեղանոց համարներում մոտ 1300 մարդ կարող է տեղավորվել»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիվանդանոցի տարածք մուտք գործած և այդտեղից դուրս եկած տրանսպորտը հատուկ ախտահանում է անցնում, իսկ մասնաշենքերում հիվանդների և բժիշկների համար առանձնացված հատվածներ կան։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 47 000 դեպք, որից մոտ 3 500-ն արդեն ապաքինվել է, մահացել է 405 մարդ։

Երկրի շրջանների մեծ մասում այժմ ընդհանուր ինքնամեկուսացման ռեժիմ է գործում։