Նիդեռլանդներն ու Ֆրանսիան նախատեսում են վերաբացել տարրական դպրոցները

12:41 • 22.04.20

Մի քանի եվրոպական երկրներ կթուլացնեն կորոնավիրուսի ֆոնին դպրոց հաճախելու հետ կապված սահմանափակումները, մասնավորապես՝ Նիդեռլանդներն ու Ֆրանսիան, որոնք հայտարարել են, որ տարրական դպրոցները կվերաբացվեն հաջորդ ամսվա սկզբին, գրում է The Guardian-ը։

Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Միշել Բլանկեի խոսքով՝ յուրաքանչյուր դասարանում կլինի 15 աշակերտից ոչ ավելի։ 5-ից մինչև 11 տարեկան տարրական դասարանների աշակերտներն առաջինը դպրոց կվերադառնան մայիսի 12-ին՝ համազգային մեկուսացման ավարտից մեկ օր անց: Դրան հաջորդող շաբաթը դասերը կմեկնարկեն միջնակարգ և ավագ դպրոցներում: Ուսումնական գործընթացը բոլորի համար կսկսվի մայիսի 25-ից։

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ մայիսի 11-ին Նիդեռլանդներում վերաբացվելու են տարրական դպրոցները:

«Սկզբի համար տարրական դպրոցներում երեխաները դպրոց են հաճախելու կես-կես։ Օրինակ՝ մի օր աշակերտների մի կեսը, մյուս օրը՝ մյուս կեսը։ Բոլոր դպրոցների ու մանկապարտեզների աշխատանքը կվերսկսվի մայիսի 11-ին»,- ասել է Ռյուտեն։

Գիտնականների խոսքով՝ «մանկապարտեզների, տարրական դպրոցների բացման հետևանքով երեխաների և նրանց ծնողների շրջանում վարակի փոխանցման դեպքերի թվի աճ է սպասվում»։