Մյանմայում կորոնավիրուսի թեստերի նմուշներ տեղափոխող ԱՀԿ-ի ավտոմեքենայի վրա հարձակման հետևանքով զոհվել է մեքենայի վարորդը

15:17 • 22.04.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեքենան, որը կորոնավիրուսի թեստերի նմուշներ էր տեղափոխում, հարձակման է ենթարկվել Մյանմայում, ինչի հետևանքով վարորդը զոհվել է, իսկ կառավարական պաշտոնյան լուրջ վնասվածքներ է ստացել, գրում է CNN-ը։

ԱՀԿ-ն հաստատել է, որ երկուշաբթի վարորդը մահացել է Մինբյա քաղաքում տեղի ունեցած հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից: Reuters գործակալությունը հայտնել է, որ մեքենան գնդակոծվել է։

ԱՀԿ-ի Հարավարևելյան Ասիայի գծով տնօրենը դատապարտել է «առողջապահության ոլորտի աշխատողների նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնության բոլոր տեսակները»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նույնպես «դատապարտել է ապրիլի 20-ի հարձակումը», ասվում է նրա մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:

«Գլխավոր քարտուղարն իր ցավակցությունն է հայտնում զոհվածի ընտանիքին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Նա կոչ է անում այդ միջադեպի ամբողջական և թափանցիկ հետաքննություն անցկացնել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ասված է հայտարարության մեջ։