Իջևանի ոստիկանություն բերման ենթարկված 35-ամյա տղամարդը խոստովանել է, որ էլեկտրոնիկայի խանութից ինքն է գողացել բջջային հեռախոսներ (տեսանյութ)

21:24 • 22.04.20

Ապրիլի լույս 17-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնում էլեկտրոնիկայի խանութից կատարված գողության վերաբերյալ ահազանգ էր ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ կտրել են խանութ-սրահի ճաղավանդակը, բացել պատուհանը և սրահի երկրորդ հարկի տաղավարից գողացել բջջային 7 հեռախոս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Տուժողից ընդունվել էր հաղորդում։ Հանցագործությունը բացահայտելու, գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Համատեղ աշխատանքի արդյունքում հանցագործությունը ապրիլի 21-ին բացահայտվեց։  Ժամը 10.25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հեռախոսներն ինքն է գողացել: Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։