Պետք է աշխատենք ամեն ինչ անել չմոռանալու համար պատմությունը, քանի որ մոռացությունը բերում է կրկնության. իսպանացի քաղաքական և մշակութային գործիչները «Ես հիշում եմ. երթ՝ տներից» արշավին (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ՝ իսպանահայության «Ես հիշում եմ. երթ՝ տներից» նախաձեռնությանը միացել են իսպանացի քաղաքական և մշակութային գործիչներ՝ տեսաուղերձներով իրենց աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Նրանց մասնակցությամբ տեսանյութերը հրապարակվել են Իսպանիայում Ցեղասպանության ճանաչմանը նվիրված հարթակի ֆեյսբուքյան էջում:
Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Ֆեռան Սիվիտը արդարություն, ոգեկոչում և փոխհատուցում պահանջող կոչով դիմել է Թուրքիայի կառավարությանը:
Իսպանական Contigo Somos Democracia ժողովրդավարական կուսակցության նախագահ Խոսե Էնրիկե Ագուարն իր տեսաուղերձում նշել է. «Այս տարի ապրիլի 24-ին ոգելոչելու ենք Հայոց ցեղասպանության տարելիցն, ինչպես նախորդ տարիներին: Սակայն այս տարի ավելի բարդ է լինելու, քանի որ չենք կարողանա միասին ոգեկոչել և ծաղիկներ դնել Ցեղասպանության զոհերի հշատակին: Իհարկե, հաջորդ տարիներին կրկին միասին կլինենք, իսկ մինչ այդ պետք է աշխատենք և ամեն ինչ անենք չմոռանալու համար պատմությունը, քանի որ պատմության մոռացությունը բերում է դրա կրկնության»:
Հայերին ուղղված իր աջակցության խոսքն է հայտնել իսպանացի լրագրող և արձակագիր Թերեսա Արգիլես Ալեմանին, որը Հայոց ցեղասպանության և Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերի մասին պատմող Ilecebra գրքի հեղինակն է:
«Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության տարելիցը որ քաղաքում էլ որ գտնվենք: Իմ գրքի օգնությամբ ուզում եմ, որ բոլորը բացահայտեն, թե ինչ է տեղի ունեցել և հուսուվ եմ, որ դա չի կրկնվի աշխարհի և ոչ մի երկրում: Ձեզ մաղթում եմ խաղաղություն և մեծ երջանկություն»,- ասել է Ալեմանին:
Կատալոնացի պատմաբան Ալբերտ Նոգերան ևս իր աջակցությունն է հայտնել բոլոր հայերին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը երբեք չի մոռացվի: «Կատալոնիայից մեր աջակցությունն ենք հայտնում բոլոր հայերին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ»,- ասել է պատմաբանը՝ հավելելով, որ հայոց պատմությանը նվիրված էքսկուրսիոն ծրագիր կմշակի Կատալոնիայի Սանտա Կոլոմա դե Գրամենետ քաղաքում:










