Այս իշխանությունը ձախողել է շատ հարցերում, իսկ վերջին 2 տարում Ղարաբաղի մասին Փաշինյանի հայտարարություններն արժեզրկել են բանակցային գործընթացը. Գրիգորի Տրոֆիմչուկ

19:07 • 22.04.20

Եթե որևէ բանակցություն չլիներ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, ապա անհասկանալի է, թե ում հետ էին հանդիպում ապրիլյան պատերազմից հետո բազմաթիվ անգամներ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը. մյուս կողմում Իլհամ Ալիևն էր:

Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը` անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լովրովի հայտարարություններին, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ կան բանակցություններ, և դրան ՀՀ արտգործնախարարի արձագանքին:

«Երևի անելով հայտարարություն` բանակցությունների բացակայության մասին ՀՀ ներկայիս իշխանությունները նկատի են ունեցել, որ բոլոր դեպքերում որևէ հող Ադրբեջանին տալ  չեն պատրաստվում: Անձամբ Նիկոլ Փաշինյանն է այդ մասին հայտարարում է  յուրաքանչյուր առիթի դեպքում»,- նշեց նա:

Գրիգորի Տոֆիմչուկը նկատեց,որ բանակցություններ այնուամենայնիվ եղել են: «Եթե հաշվի ենք առնում երկու երկրների արտգործնախարարների պարբերական հանդիպումները, տարօրինակ կլիներ ժխտելը, որ բանակցություններ կան: Սերգեյ Լավրովը պարզապես հերթական անգամ այս փաստը հաստատեց, այնպես որ այստեղ որևէ սենսացիա չկա»,- ասաց նա:

Նա մատնանշեց նաև, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը վերջին երկու տարիների ընթացքում արել է մի շարք հայտարարություններ Ղարաբաղի մասին, որոնք արժեզրկել են բանակցային գործընթացը: «Բայց այդքանով հանդերձ որևէ մեկը տարբեր ձևաչափերով երկկողմանի հանդիպումներից չի հրաժարվել: Այլ խոսքով ասած` ՀՀ ներկայիս իշխանությունները կցանկանային հրաժարվել բանակցային գործընթացից, բայց դա անելու համար ուժ չունեն»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե արդյոք, իր կարծիքով, ՀՀ իշխանությունները ձախողել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, Գրիգորի Տրոֆիմչուկն արձագանքեց, որ ՀՀ ներկայիս իշխանություններն այս երկու տարիների ընթացքում ձախողել են շատ տարբեր հարցերում, դժվար է դրանցից որևէ մեկն առանձնացնելը:

«Իսկ այստեղ անկեղծության մասին խոսել պետք էլ չէ ընդհանրապես, քանի որ մեծ քաղաքականությունը նման կատեգորիա չունի: Փաստացի ՀՀ իշխանությունները դեռ ոչ մի հող Ադրբեջանին չեն տվել, այդ պատճառով այս մասով դեռ խոսելու բան չկա»,- ասաց նա:

Սակայն, ըստ նրա, եթե խոսենք Ղարաբաղի շուրջ եղած իսկապական թաքնված գործընթացներից, ապա պետք է այլ հարցեր տանք: Նրա նկատառմամբ` պետք է խոսել ոչ թե այն մասին, որ պատրաստվում են հող հանձնել Ադրբեջանին, այլ այստեղ արևմտյան վերահսկողության հաստատման մասին:

«Նիկոլ Փաշինյանը  ցուցադրական լիբերալ է, ում Արևմուտքը ավելի հոգեհարազատ է»,- ասաց նա:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ռուսաստանցի փորձագետը նշեց, որ ի սկզբանե կային շատ հարցեր Նիկոլ Փաշինյանի ռուսամետ չլինելու հետ կապված: «Կարծում եմ` այդ հարցերը դեռ մնում են, պարզապես պաշտոնական Երևանը կարծում է, որ պրոարևմտյան կուրսը ակտիվացնելու ժամանակը չէ դեռ: Ամեն դեպքում, Ռուսաստանի համար Սարգսյանն ավելի մոտ էր և հասկանալի, քան Փաշինյանը: Եվ Փաշինյանն այս երկու տարիների ընթացքում ոչինչ չի արել, որ այդ կասկածները ցրի: Հակառակը, դրանք ավելի մեծանում են»,- ասաց նա:

Այս համատեքստում նա նկատեց, որ Հայաստանի կողմից ռուսական ընկերությունների նկատմամբ քրեական գործեր հարուցելը եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան է ասում:

«Այստեղ, իհարկե, մեղավորը  արտգործնախարար Մնացականյանը չէ, որը պատասխանատու է իր «նեղ ոլորտի» համար: Ամեն դեպքում, այդպիսի նախարարները, ինչպիսին Մնացականյանն է, Փաշինյանի մոտ պահուստային են մնում նրա համար, որ ցանկացած պահի «oդապարիկից իջնող բալաստ լինեն»»,- ասաց նա:

Նրա դիտարկմամբ` դեռ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացում ամբողջողին ձախողման մասին խոսելը վաղ է: «Բայց, ցավոք սրտի հաջողությունների մասին էլ չենք կարող խոսել: Փաշինյանն այնքան ուժեղ չէ, որ կարողանա վերացնել երկու երկրների միջև եղած կապերը»,- ասաց նա:

Վերադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` Գրիգորի Տրոֆիմչուկը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ որևէ պլան չունի: «Բայց հաշվի առնելով նրա հայտարարությունները Ղարաբաղյան թեմայով` կարող ենք ասել, որ կա պլան` մաքսիմալ կերպով Ադրբեջանին հրահրելու ռազմական գործողությունների: Եթե ադրբեջանական բանակը դեռ չի անցել հարձակման, ապա նշանակում է, որ որևէ մեկի մոտ չկա որևէ երաշխիք, որ նոր ղարաբաղյան պատերազմը կլինի տեղային և չի տարածվի ամբողջ տարածաշրջանով»,- ասաց նա: