Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են մի շարք տոնակատարություններ, այդ թվում՝ «լոլիկներով մարտը» (լուսանկար)

15:47 • 22.04.20

Իսպանական Բունյոլ քաղաքի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշում են կայացրել չեղարկել «Տոմատինա» ամենամյա տոնակատարությունը՝ լոլիկներով մարտը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով քաղաքապետ Ժունկալ Կարասկոսայի ֆեյսբուքյան գրառմանը։

«Ինչ վերաբերում է «Տոմատինա»-ին, բոլորին ակնհայտ է, թե որքան դժվար կլիներ մեզ համար միջազգային հեղինակություն վայելող այս տոնակատարությունը կազմակերպելը»,- գրել է քաղաքապետը։

Նրա խոսքով՝ տոնի չեղարկման մասին որոշումը կառավարության կողմից միաձայն է ընդունվել, սակայն այն պետք է պաշտոնապես հաստատվի խորհրդարանի նիստում։

Քաղաքապետարանը նաև որոշում է կայացրել կրակի տոնը խորհրդանշող ամենամյա «Ֆալյաս» տոնակատարությունը չեղարկել, որը պետք է տեղի ունենար մարտին, սակայն կրկին կորոնավիրուսի պատճառով հետաձգվել էր։

Քաղաքային իշխանությունները վստահություն են հայտնել, որ տոնակատարությունները մյուս տարի կանցկացվեն։

«Տոմատինա»-ն Իսպանիայի Բունյոլ քաղաքում ամեն տարի օգոստոսի վերջին նշվող տոնակատարություն է․ այն ի սկզբանե հարևանների շրջանում լոլիկներով միմյանց հարվածելու կատակ-խաղ է եղել, սակայն տարիների ընթացքում ավելի մեծ շրջանակներ է ընդգրկել և վերածվել մեծ տոնակատարության։ «Տոմատինան» 2002 թվականին ընդգրկվել է զբոսաշրջային մեծ հետաքրքրություն վայելող միջոցառումների շարքում։ 75 տարվա պատմության մեջ այն չեղարկվում է երկրորդ անգամ, ամեն տարի միջոցառմանն ավելի քան 20 000 մարդ է մասնակցում, օգտագործվում է մինչև 145 տոննա լոլիկ։

Նախօրեին հայտնի է դարձել իսպանական ևս մի հանրահայտ տոնակատարության՝ Պամպլոնա քաղաքում անցկացվող «Սան-Ֆերմին» փառատոնի չեղարկման մասին։

Համավարակի սկզբից Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 208 000 դեպք, որից 21 700-ը՝ մահվան ելքով։