«Նրանք ստել են աշխարհին». ԱՄՆ Միսուրի նահանգը կորոնավիրուսի պատճառով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Չինաստանի

10:35 • 22.04.20

ԱՄՆ Միսուրի նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շմիտը կորոնավիրուսի համավարակի պատճառով դատական հայց է ներկայացրել ընդդեմ Չինաստանի: Հայցում ասվում է, որ կորոնավիրուսն ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Միսուրի նահանգին, անդառնալի վնաս է հասցրելով՝ դառնալով հիվանդության, մահվան, տնտեսական ճգնաժամի և մարդկային տառապանքի պատճառ, հայտնում է thehill.com կայքը։

Միսուրին Պեկինից պահանջում է փոխհատուցել այդ վնասը, ինչպես նաև Չինաստանին պաշտոնապես պատասխանատվության ենթարկել՝ երկրի տարածքում համավարակի ենթադրյալ կոծկման, այնուհետև հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ ջանքեր չգործադրելու համար:

«Չինաստանի կառավարությունը ստել է աշխարհին կորոնավիրուսի նոր տեսակի վտանգի և վարակիչ բնույթի մասին, լռեցրել է այդ մասին խոսողներին և շատ քիչ բան է արել հիվանդության տարածումը կանխելու համար: Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար»,-ասվում է գլխավոր դատախազի հայցում:

Շմիտն ընդգծել է, որ Միսուրիում կորոնավիրուսը գնալով ավելի է տարածվում: Այժմ նահանգում կա վարակման ավելի քան 6000 դեպք, որից ավելի քան 220-ը՝ մահվան ելքով:

Դատախազի խոսքով՝ կորոնավիրուսը մարդկային կյանքեր խլելուց զատ, լուրջ հետևանքներ է թողել նահանգի տնտեսության վրա:

Վերջին տվյալների համաձայն ՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 810 561 դեպք:

Չինաստանի իշխանությունները Ուհան քաղաքում կորոնավիրուսի բռնկման մասին հայտարարել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: