Հս․ Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին անհրաժեշտության դեպքում նրա կրտսեր քույրը կփոխարինի․ լրատվամիջոցներ
Հյուսիսային Կորեայում արտակարգ դրության պարագայում երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին կարող է փոխարինել նրա կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտնում է korrespondent.net կայքը՝ հղում տալով ճապոնական «Իոմիուրի» թերթին, որն էլ իր հերթին հղում է անում հարավկորեացի և ամերիկացի աղբյուրներին։
ԿԺԴՀ առաջնորդի քրոջը իշխանությունը փոխանցելու որոշումը կայացվել է 2019-ի վերջին Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի նիստում։ Դա կարող է տեղի ունենալ Կիմ Չեն Ընի անսպասելի մահվան դեպքում:
Աղբյուրների պնդմամբ՝ դրանից հետո «Կիմ Յո Չժոնի անունից մի շարք ցուցումներ են տրվել կուսակցական և ռազմական ուղղություններով»։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի վատթարացման հետ կապված՝ հունվարին Ֆրանսիայից բժիշկների խումբ է ժամանել Փհենյան․ նշվում է, որ երկրի առաջնորդն ունի բարձր զարկերակային ճնշում, սրտային հիվանդություն և շաքարախտ։
Կիմ Յո Չժոնի՝ իշխանության գալու պատրաստման աշխատանքներն արագացվել են, և նա փաստացիորեն հյուսիսկորեական հիերարխիայի «թիվ երկու մարդն» է դարձել։










