Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում ապօրինություններ են բացահայտվել (տեսանյութ)

17:43 • 22.04.20

Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։

Քննությանը հայտնի տվյալներով՝  ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-ից  2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է որպես պահակ։

Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ դպրոցի պահակ հրամանագրված և դարձյալ աշխատանքի չներկայացած մի կնոջ անվամբ ևս աշխատավարձեր են դուրս գրվել։ 

Ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 1 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։

Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։