Ռումինիայում կարանտինի ռեժիմը խախտողներին տուգանել են ընդհանուր 78 մլն եվրոյով
Ռումինիայում կարանտինային սահմանափակումների սահմանումից ի վեր իրավապահները ռեժիմը խախտողներին տուգանել են ընդհանուր առմամբ 78 միլիոն եվրոյի չափով: Այս մասին տեղեկացնում է Romania-Insider պարբերականը:
Նշվում է, որ մարտի 24-ից ապրիլի 19-ն ընկած ժամանակահատվածում կարանտինի խախտման համար տուգանքի շուրջ 200 000 արձանագրություն է կազմվել:
Ռումինիայում տուգանքի ամենացածր չափը 412 եվրո է, ամենաբարձրը` 4120 եվրո: Տուգանքների գումարի ընդհանուր թիվը մոտ է փետրվարին Ռումինիայի բոլոր ձեռնարկություններից ստացված հարկերի թվին:
Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե տուգանքների որ մասն է վճարված, որը՝ ոչ:
Անցյալ շաբաթ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը մեկ ամսով երկարաձգել է երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը:
Վերջին տվյալներով՝ Ռումինիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9242 դեպք, 498 մարդ մահացել է, ավելի քան 2100-ը` առողջացել:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 557 917 է, մահացել է 177 688 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










