Բորիս Ջոնսոնին բուժող բուժքույրը հայտնել է վարչապետի` կորոնավիրուսից բուժման մանրամասները (լուսանկարներ)
Բուժքույր Ջենի Մաքգին Mirror պարբերականին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսից բուժման մանրամասները:
Կնոջ խոսքով` վարչապետին նույնքան օգնություն են ցուցաբերել, որքան մյուս բոլոր հիվանդներին։
«Եթե միանգամայն ազնիվ կլինեմ ձեզ հետ, 10 տարի աշխատել եմ վերակենդանացման բաժանմունքում, հինգ տարի գլխավոր բուժքույր եմ եղել և այս տարիների ընթացքում սթրեսային իրավիճակներ շատ են եղել, իսկ դա ընդամենը ևս մեկ աշխատանքային օր էր»,-հիվանդ վարչապետին խնամելու վերաբերյալ հարցին պատասխանել է բուժքույրը:
Ավելի վաղ՝ ապրիլին բուժեղբայր Լուիս Պիտարմը, որը նույնպես մասնակցել է Բորիս Ջոնսոնի բուժմանը, հպարտությամբ պատմել էր, թե ինչպես է օգնել փրկել Բորիս Ջոնսոնի կյանքը:
Ջոնսոնը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել էր մարտի 27-ին։ Ապրիլի 6-ին վարչապետի առողջական վիճակը վատացել էր, նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ապրիլի 13-ին Ջոնսոնը դուրս էր գրվել հիվանդանոցից, նա շնորհակալություն էր հայտնել հիվանդանոցի ողջ անձնակազմին՝ հատկապես առանձնացնելով բուժքույր Ջենի Մաքգիին և բուժեղբայր Լուիս Պիտարմին։












