Ֆրանսիայում նշել են կարանտինի չեղարկման պայմանները

22:10 • 23.04.20

Առողջապահության գլխավոր վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը ապրիլի 23-ին ելույթ է ունեցել Ազգային ժողովի պատգամավորների առջև՝ հայտարարելով, որ կարանտինը կարող է չեղարկվել միայն այն դեպքում, երբ հաջողվի հասնել վարակի տարածման զսպման «բավարար արդյունքների», գրում է RFI-ը։

Ըստ նրա՝ դրական արդյունքը, մասնավորապես, կենթադրի մայիսի 11-ի դրությամբ հիվանդության նվազագույն դեպքեր։ Այդ դեպքում, ֆրանսիացիները կկարողանան վերադառնալ աշխատանքային գործունեությանը՝ վտանգի չենթարկելով իրենց մերձավորների կյանքը։

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան դեռևս «հեռու է» այդ նպատակին հասնելուց: Դրա հետ մեկտեղ համաճարակի երկրորդ և երրորդ ալիքները, Ժերոմ Սալոմոնի խոսքով, կարող են իրականություն դառնալ։

«Մեր նպատակն է կանխել վիրուսի տարածումը և ժամանակ շահել մինչև դեղորայքի կամ պատվաստանյութի հայտնվելը»,- ասել է նա։

Առողջապահության գլխավոր վարչության ղեկավարը նաև հայտարարել է, որ Ֆրանսիայում այս պահին ընթանում է երեսուն թերապևտիկ հետազոտություն: «Սակայն պատվաստանյութերի արտադրության ոլորտում կան ժամկետներ, որոնք հնարավոր չէ կրճատել», - հիշեցրել է նա:

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի 159 877 դեպք, որոնցից 21 340-ը՝ մահվան ելքով։