Իսպանիայում կորոնավիրուսը տարածվել է առանց «զրոյական հիվանդի». հետազոտություն

23:52 • 23.04.20

Իսպանիայում կորոնավիրուսի տարածման մեջ «զրոյական հիվանդ» չի եղել, փոխարենը եղել են մի խումբ անձինք, որոնք փետրվարին վարակվել են այլ երկրներում և կորոնավիրուսը Իսպանիա բերել: Այս մասին ասվում է Մադրիդի Կարլոս III առողջության ինստիտուտի գիտնականների հետազոտության մեջ, հայտնում է El Pais-ը։

Հետազոտողները վերլուծել են Իսպանիայում հայտնաբերված առաջին 28 վիրուսային գենոմները և հայտնաբերել տարածման 15 ուղի:

Արդյունքում պարզվել է, որ 28 գենոմները պատկանում են երեք հիմնական վիրուսային ընտանիքների, որոնք նույնականացվել են աշխարհում` դրանց տալով S, G և V անվանումները։

Գիտնականները ենթադրում են, որ հետազոտված 1600 վիրուսների ընդհանուր «նախնին» հայտնաբերվել է Չինաստանի Ուհան քաղաքում նոյեմբերի 24-ին։ Իսպանական 13 գենոմները պատկանում են S ընտանիքին, և դրանցից 11-ը կապված են փետրվարի 1-ին Շանհայում հայտնաբերված դեպքի հետ։

Սակայն գենետիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ S ընտանիքի կորոնավիրուսներն Իսպանիայում արդեն շրջանառվել են ավելի վաղ՝ փետրվարի 14-ից ի վեր, իսկ G ընտանիքի վիրուսն Իսպանիայի մայրաքաղաքում շրջանառության մեջ է եղել փետրվարի 18-ից:

Ուսումնասիրությունը թույլ է տալիս հետևել կորոնավիրուսի տարածման շղթային․ փետրվարի 1-ին Շանհայում արձանագրված դեպքը կապված է փետրվարի 25-ին և 26-ին Ֆրանսիայում հաստատված երկու դեպքերի հետ, ինչպես նաև Մադրիդում մարտի 2-ին, Չիլիում մարտի 3-ին, ԱՄՆ-ում մարտի 4-ին, Վրաստանում մարտի 8-ին և Բրազիլիայում մարտի 16-ին հաստատված դեպքերի հետ։ Ըստ այդմ՝ վիրուսի այս ճյուղը Իսպանիայից շարունակվել է մյուս վեց երկրներում։

«Իսպանիայում զրոյական հիվանդ չկա։ Զրոյական հիվանդ չկա, երբ համավարակն արդեն այսքան տարածվել է», - ընդգծում է վիրուսաբան Խոսե Ալկամին։