Սոթքի հանքի աշխատակիցը հարևանից վարակվել է կորոնավիրուսով. հանքի 10 աշխատակից թեստավորվել են, 100-ը՝ մեկուսացվել. News.am

21:37 • 23.04.20

Սոթքի հանքավայրի աշխատակիցը վարակված է կորոնավիրուսով, 10 աշխատակից թեստավորվել են, 100-ը՝ մեկուսացվել։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ ասել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության  արտաքին կապերի և սոցիալ քաղաքանության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նա հայտնել է, որ հանքի աշխատակիցը Վարդենիս քաղաքից է, վարակվել է իր հարևանից, որից հետո իրեն լավ չի զգացել և մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, այնուհետև տեղեկացրել է, որ վարակված է կորոնավիրուսով։

«Մենք դիմել ենք հակաճգնաժամային միջոցառումների և մոնիթորինգ ենք իրականացրել, քանի աշխատակից այդ վերջին օրերին նրա հետ աշխատել է՝ մեկուսացրել ենք։ Այն 10 մարդը, որոնք սերտ են շփում ունեցել, նրանց թեստավորել են, որոնցից 4-ի պատասխանն արդեն եկել է. բացասական է, սպասում ենք 6-ի պատասխանին։ Ինքներս ենք ստեղծել ռիսկային խումբ և առանձնացրել ենք 100 աշխատակցի։ Մենք մեր աշխատակիցներին հորդորել ենք, եթե որևէ մեկն իրեն վատ է զգալու, ունենալու է ջերմություն և այլն, չներկայանա աշխատանքի։ Մեզ համար նրանց առողջությունը շատ կարևոր է։ Մենք սանիտարահիգիենիկ բոլոր միջոցները պահպանում ենք, որևէ խնդիր չկա այս պահին հանքում։ Այն աշխատակիցները, որոնք կբացակայեն մեկուսացված լինելու, վարակով պայմանավորված այլ  խնդիրների համար, կարող են չներկայանալ աշխատանքի, նրանք կստանան իրենց աշխատավարձը»,- ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ վարակվածը ռիսկային խմբում չի գտնվում եւ իրեն լավ է զգում։