Գրետա Տունբերգը կորոնավիրուսի ֆոնին աշխարհի բոլոր երկրների կառավարություններին կոչ է արել մի կողմ դնել տարաձայնությունները և համատեղ գործել

22:42 • 23.04.20

17-ամյա բնապահպան Գրետա Տունբերգը չորեքշաբթի համաշխարհային առաջնորդներին կոչ է արել համատեղ գործել COVID-19 համավարակի, ինչպես նաև գլոբալ տաքացման ճգնաժամի լուծման հարցում, գրում է ABC news-ը։

«Կլիմայական ճգնաժամը կարող է ոչ այնքան անմիջական լինել, որքան կորոնավիրուսի համավարակը, բայց մենք պետք է լուծենք այդ խնդիրը հիմա, այլապես այն անդառնալի կլինի», - ասել է երիտասարդ ակտիվիստուհին։

17-ամյա Գրետան կոչ է արել աշխարհի բոլոր երկրների կառավարություններին «մի կողմ դնել իրենց տարաձայնությունները»։

«Կարևոր է, որ մենք լսենք գիտությանը, փորձագետներին։ Դա վերաբերում է բոլոր ճգնաժամերին, լինի դա կորոնավիրուսի թե կլիմայական ճգնաժամը», - ասել է Տունբերգը:

Նա ելույթ է ունեցել Ստոկհոլմի Նոբելյան թանգարանի կողմից կազմակերպված միջոցառմանը՝ առցանց զրույց վարելով Գերմանիայի Պոտսդամի կլիմայի ազդեցության հետազոտությունների ինստիտուտի համանախագահ Յոհան Ռոքստրոմի հետ։

«Մենք կհաղթահարենք այս ամենը, բայց այլևս չենք ապրի հին աշխարհում», - իր հերթին ասել է շվեդ պրոֆեսորը։