Վաղն առավոտ ժամը 8-ից սկսած՝ ՀՀ-ից և Արցախից մարդիկ կարող են իրենց անուն-ազգանուններն ուղարկել 1915 համարին և երեկոյան դրանք տեսնել Ծիծեռնակաբերդի սյուներին. փոխքաղաքապետ (տեսանյութ)

16:48 • 23.04.20

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար ամենազգայուն թեման է, ուստի իսկապես շատ մեծ պատասխանատվություն է անհրաժեշտ, որ կարողանանք գործող սահմանափակումների պայմաններում փարատել Ծիծեռնակաբերդում մեր ֆիզիկական բացակայությունը: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը:

«Սա աննախադեպ մի բան է և դրա համար մենք ջանք ու եռանդ չենք խնայել, որ միջոցառումների տրամաբանութոնը լինի այնպես, որ ամբողջ հայությունը կարողանա իր խորհրդանշական ներկայությունն ապահովել այդ օրը Ծիծեռնակաբերդում: Մեր բոլոր միջոցառումների հիմքում եղել է կառավարության մտահոգությունը ՀՀ քաղաքացիների անվտանագության համար, և մեր հիմնական ուղերձը, որ փորձում ենք հասցնել հանրությանն այն է, որ Ցեղասպանության նահատակների հիշատակի հանդեպ մեծագույն հարգանքը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն է․ մեր կարգախոսն է «հարգենք հիշատակը՝ հարգելով կյանքը»»,- ասաց նա:

Խզմալյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 21։00-ին մեկնարկում են միջոցառումները: «Ժամը 9-ին Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո կմարեն Երևանի, մարզկենտրոնների լույսերը, հորդորում ենք նաև քաղաքացիներին՝ մարել բնակարանների լույսերը և որպես միասնության խորհրդանիշ՝ բջջային հեռախոսների լույսերի ներքո պատուհաններից հաստատել խորհրդաշական ներկայությունը Ծիծեռնակաբերդում: Այս հարգանքի արարողությունն անվանել ենք «լուսավառ ոգեկոչման պահ»»,- շեշտեց նա:

Խզմալյանը տեղեկացրեց, որ վաղը Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը, Վեհափառ Հայրապետը, այնուհետև երեկոյան 22:00-ից սկսած մինչև առավոտյան ժամը 06:00-ը տեղի կունենա գեղարվեստական ծրագիրը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն էլ ասաց, որ վաղը՝ սկսած առավոտյան ժամը 8-ից ՀՀ և Արցախի հայրենակիցները կարող են Հայաստանից և Արցախից 1915 կարճ համարին ուղարկել հաղորդագրություն և արդեն երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունը՝ այդպիսով ապահովելով իրենց խորհրդանշական մասնակցությունը: «Առավել քան վստահ եմ, որ մենք հարյուր հազարավոր անուններ կունենանք Ծիծեռնակաբերդի սյուներին, իսկ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են 0037433191500 համարին ուղարկել հաղոդրագրություններ, յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավորությյուն կա ուղարկելու ընդամենը 5 անուն-ազգանուն, ցանկալի են՝ անուն-ազգանունները լինեն հայատառ»,- ասաց նա:

Վիրաբյանը նշեց, որ հաղորդագրությունների արժեքը կլինի սիմվոլիկ 1 դրամ: «Սա որոշակի օրենդրական գործողություների արդյունքում է, որ չի թույլատրվում բացառապես անվճար անել, այլապես մեր օպերատորները սիրով պատրաստ էին անվճար դա անել»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ այս միջոցառումը լավագույն լուծումն է, որ կարողացել են առաջարկել հարենակիցներին. «Իրավիճակն այսպիսին է, և պետք է կարողանանք ըմբռնումով մոտենալ և մեր մասնակցությունն այսպես ապահովել: Այժմ Ծիծեռնակաբերդում լայնածավալ տեխնիկական աշխատանքներ են իրականացվում, ամբողջ ստեղծագործական, գեղարվեստական մասը լինելու է ուղիղ եթերում և մենք առաջին անգամ է, որ Ծիծեռնակաբերդում մոտ 10-11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր ենք ունենալու»,- ընդգծեց նա: