Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող մանկապարտեզներում ծառայության մատուցման պայմանագրեր կնքածների անուն-ազգանունները փոխանցվել են կառավարություն, հավանաբար շուտով կգտնենք լուծում. փոխքաղաքապետ

17:14 • 23.04.20

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում պայմանագրային հիմունքներով աշխատող աշխատակցիների հարցը քննարկվել է բազմիցս: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մանկապարտեզներում պայմանագրային հիմունքներով աշխատողները, որոնց աշխատավարձը գոյանում է երեխաների վարձավճարներից, և որոնց աշխատանքային պայմանագրերը չեն խզվել, այդ աշխատակիցները չեն կարողանում օգտվել կառավարության առաջարկած ծրագրերից և հարցին՝ քաղաքապետարանը պատրաստվո՞ւմ է օժանդակել այս քղաքացիներին:

«Այս հարցը քննարկվել է բազմիցս և այն աշխատակիցները, որոնք Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ մանկապարտեզներում ծառայության մատուցման պայմանագրեր են կնքել և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների երեխաների ծնողները ընտրովի օգտվել են այդ ծառայություններից, ցավոք սրտի, չեն կարողացել Երևանի քաղաքապետարանի բյուջեով ֆինանսական միջոցներ ստանալ որպես աշխատավարձ, որովհետև հաստիքացուցակներում և ընդհանուր Երևանի բյուջեում իրենց ներկայությունը չկա»,- ասաց նա:

Վիրաբյանի փոխանցմամբ՝ հիմա կառավարության հետ քննարկում են այս հարցը: «Արդեն իսկ փոխանցել են բոլոր աշխատակիցների անուն-ազգանունները կառավարություն և հիմա քննարկումների փուլում է, թե ինչ միջոցներով, ինչ ձևաչափով հնարավոր կլինի այդ աշխատակիցներին օժանդակություն ցուցաբերել կամ աշխատավարձը վճարել: Հարցը կառավարության և քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է, և հավանաբար մոտ օրերս կգտնենք լուծում»,- ասաց նա: